Անցյալ ուրբաթ օրը, ավելի ստույգ՝ սեպտեմբերի 25-ին, Մելիք-Ադամյան փողոցում մոմ թափելով ՀՀ կառավարության ահ ու սարսափը վերացնելու բուռն ցանկությամբ համակվեցի: Ավա՜ղ, մոտակա վաճառատներում լիկվիդացիոն գներ էին հայտարարվել և մոմ չէր վաճառվում: Սակայն ի՞նչ էր պատահել:
Անցյալ ուրբաթ, ավելի ստույգ՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 17.00-ին «Հայաստան» ժողովրդական նախաձեռնությունը հրավիրել էր «Հայք» համակարգի համաժողով՝ նվիրված սահմանադրական փոփոխություններին: Համաժողովը պիտի կայանար ՀՀ կառավարական տան նիստերի դահլիճում: Սրա մասին «Հայաստանը» 10 օր առաջ պատշաճ ձևով ծանուցել էր կառավարությանը, նույն պատշաճությամբ ստացել էր նրա համաձայնությունը, վճարել էր դահլիճի վարձակալման համար անհրաժեշտ գումարը և ոգեշունչ սպասում էր համաժողովին: Սակայն ժամը 16.13-ին կառավարական տնից հնչեց բոթը՝ դահլիճում վթար է տեղի ունեցել, բնականաբար, համաժողովի կայացումը անհնար է: Այո՜, բանը բանից անցել է պատվական այս տանը, վթարվել է նիստերի դահլիճը, հավանաբար ահ ու սարսափից: Սակայն տուրք չտանք մեր անսանձ և ընդդիմադիր երևակայությանը և փաստենք, որ նիստերի դահլիճում վթարը կարող էր երկու ձև և բովանդակություն ունենալ. կամ պետք է հոսանքամատակարարումը խափանվեր, կամ էլ ջրհեղեղը պիտի խաթարեր նիստի ընթացքը: Ջրհեղեղ չնկատվեց: Կառավարական տան բաց պատուհաններից պարզ երևում էին վառված շքեղաշուք ջահերը (օրը ցերեկով, սա չանտեսենք): Մի խոսքով, հաջորդ համաժողովի նախօրեին հարկ է, որ «Հայաստանը» մոմեր հայթայթի, հալեցնի դրանք և մոմաթափությամբ չափի կառավարական տան ահն ու սարսափը:
ՈՒշագրավ էր հանպատրաստից սադրանքը: Երբ համաժողովականներս քննում էինք ոմանց վարքը (Վենետիկի հանձնաժողովից մինչև կառավարական տան էլեկտրիկն ու կոյուղագործը) իր բոցավառ ու խորազնին ելույթն սկսեց համաժողովի համակարգող Աշոտ Մանուչարյանը: Եվ մինչ ինքս սրտատրոփ սպասում էի մտավորականության հոծ զանգվածների քայլերթին դեպի Մելիք-Ադամյան փողոց, հայտնվեց գրող, դրամատուրգ, Հայաստանի գրողների միության անդամ Լևոն Մարգարյանը: Հայտնվեց հարբած, ծխախոտը բերանին և հայհոյանքը շուրթերից կախ: Այս պարոնը փորձեց սադրել Մանուչարյանի ելույթը հետևյալ ձևակերպմամբ. «Վախտին դու էիր թալանում, հիմի էլ սրանք, ինչ ես ուզում, արա»: Թերևս հիշեցնեմ վերոնշյալ գրական սուբյեկտին, որ Մանուչարյանը, սկզբունքորեն մերժելով անկախ պետականության բռնազավթումն իր համախոհ-կոմիտեական ընկերների կողմից (այսինքն՝ Տեր-Պետրոսյան Լևոնի, Սիրադեղյան Վանիկի և այլոց), դեռ 1993-ին լքեց նախագահական նստավայրը, հրաժարվելով բարձր ու պատվավոր, ՀՀ նախագահի անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականի պաշտոնից: Հրաժարվելով իշխանական վայելքներից, որ երկիրը երկիր դառնա, գրողն էլ գրող:
Մի խոսքով՝ հայ ժամանակակից գրական միտքը առայժմ Լևոն Մարգարյանի դեմքով և դեպքով է մասնակցում «Հայաստան» ժողովրդական նախաձեռնության գործունեությանը: Սպասենք հաջորդ համաժողովին, որն անպատճառ (սա անձնական բռնկումս չէ, այլ «Հայաստան» նախաձեռնության սկզբունքը) տեղի է ունենալու ՀՀ կառավարության նիստերի դահլիճում: Եվ ահա այս պահին թախանձագին հորդորում եմ ՀՀ վարչապետին վաղօրոք տեղեկացնել գալիք համաժողովի արգելափակման պատճառը: Զորօրինակ, կարելի է համաժողովի աշխատանքը չեղարկել այս պատճառաբանությամբ. «Ձեր համաժողովի անցկացումը նպատակահարմար չենք համարում, քանի որ դահլիճի աթոռները անժամկետ գործադուլ են հայտարարել»:
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ